Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին կհաջորդի հոկտեմբերի 24-ի հանրահավաքը: Ժամանակին «Հայ ազգային կոնգրես» դաշինքից հեռացած ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ՀՀՇ-ն արձագանքում հանրահավաքին, երբ այնտեղ հնչել են իշխանափոխության կոչեր:
Ըստ Կարեն Կարապետյանի՝ ՀՀՇ-ն այդ առթիվ նիստ չի գումարել, և որևէ քննարկում չի եղել այդ մասին: Ինչ վերաբերում է իշխանափոխության կոչերին, ապա Կարեն Կարապետյանը այն տպավորությունն է ստացել, որ այդ կոչերը չեն բխում միասնական օրակարգից:
«Նույնիսկ եռյակի ուժերի կողմից եղել են ակնարկներ, որ այդ հարցի հետ կապված չկա միասնական օրակարգ»,- ասաց մեր զրուցակիցը:
Կ. Կարապետյանի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ այսօր ընդդիմադիր ուժերին են միացել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք էլ ունեն պատկառելի ներկայացվածություն ԱԺ-ում: Հնարավո՞ր չէ, որ ստեղծվեն իշխանափոխության ռեալ նախադրյալներ:
«Ձեր մատնանշած խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն իրենք չեն ընդունում, որ ընդդիմություն են և օգտագործում են այլընտրանք, ոչիշխանական ուժ և այլն: Նախ՝ թող իրենք որոշեն՝ ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ, հետո նոր կարելի է ակնկալել իշխանափոխություն: Մյուս հարցն այն է, թե խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն ընդունո՞ւմ են, որ Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են, թե՞ ոչ»,- հարցնում է ՀՀՇ վարչության անդամը: Նա կարծում է, որ դժվար է դրական որևէ ակնկալիք ունենալ մի ուժից, որը 2008 թ. ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ մասնակցել է ընտրակեղծիքներին, իսկ այնուհետև՝ Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին:
Մեր զրուցակիցը նշեց, որ մի քրեաօլիգարխիկ համակարգը մյուսով փոխարինելու դեպքում Հայաստանին չի սպասում զարգացման որևէ հեռանկար:
«Մտավախություն չունե՞ք, որ, եթե այս անգամ էլ ձախողվի իշխանափոխության գործընթացը, ներկայիս ընդդիմությունը կարող է մեղադրել այն ուժերին, որոնք օգնելու, սատարելու փոխարեն զբաղված են քննադատելով ու խանգարելով»,-հարցրինք Կարեն Կարապետյանին:
«Թող իրականացնեն, ո՞վ է իրենց ձեռքից բռնել, կա Ազատության հրապարակը, կա իրենց ներկայացրած օրակարգը, որին հասարակությունն այդքան էլ չի մասնակցելու: Անձամբ մենք միայն մաղթում ենք կանաչ ճանապարհ և որևէ կերպ չենք խոչընդոտելու: Մենք միայն ուրախ կլինենք, որ Հայաստանում ոչ միայն հաստատվեն ժողովրդավարական կարգեր, այլև դրանց հասնելու պրոցեսներն ընթանան ժողովրդավարական ուղիով»,- ասաց նա:
ՀՀՇ վարչության անդամը հանրահավաքից այն տպավորությունն է ստացել, որ գլխավոր «մեխը» քսան-երեսուն ջղաձգվածներն են, և այդ ուղերձը հղված էր Ռուսաստանին:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ